Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Աշխարհը կառավարում է ֆինանսական համակարգը

Աշխարհը կառավարում է ֆինանսական համակարգը
23.05.2017 | 00:20

«Իրատեսի» հյուրն է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն ՎԼԱԴԻՄԻՐ ԼԵՊԵԽԻՆԸ:

-Ի՞նչ է կատարվում Ռուսաստանում՝ երկիրը գնում է նախագահական ընտրությա՞ն, թե՞ փորձում է ալիքի վրա մնալ:
-Ժողովուրդը ընտրությունների առանձնապես չի պատրաստվում, կան սոցիոլոգիական հարցումներ, և ամեն ինչ հասկանալի է, պարզ է, որ գործող նախագահին այլընտրանք չկա, ոչ ոք թեկնածությունը չի պատրաստվում առաջադրել:
-Նավալնուց բացի:
-Ալեքսեյ Նավալնուն համակարգային քաղաքական գործիչ չես համարի, Ռուսաստանում համակարգից դուրս որևէ քաղաքական գործիչ հաջողության չի հասնում, եթե ինչ-որ աղետ չկա: Որ աղետ կլինի 2017-ին կամ 2018-ին, ոչ մի նախանշան չկա:
-17-ին Ռուսաստանում սովորաբար հեղափոխություն է լինում:
-1917-ին նախ հեղափոխությունը վերևից կատարվեց՝ ցարի իշխանությունը արևմտամետ ազատականները վերցրին, հետո հայտնվեց բոլշևիկյան կուսակցությունը, փետրվարին ոչ ոք կարգին չգիտեր էլ՝ ՈՒլյանովն ո՞վ է, ոչ ոք չէր մտածում, որ կես տարի հետո Լենինը իշխանությունը կվերցնի: Հիմա ոչ միայն նախադրյալներ չկան 1917-ի հոկտեմբերին կատարվածը կրկնելու, այլև բուրժուա-դեմոկրատական հեղափոխության: Այլընտրանքների հայտնությունը այս կամ այն կերպ մարելու է: Ընտրությունների պատրաստվում է ոչ թե երկիրը, այլ էլիտաները: Իսկ ընտրությունից հետո նախագահի գլխավոր խնդիրը լինելու է էլիտայի փոփոխությունը:
-Էլիտայի՞: Ինչո՞ւ:
-Կա՛մ ղեկավարն է փոխվում, կա՛մ՝ էլիտան: Ներկա վիճակում փոխվում է էլիտան:
-Ի՞նչ խնդիր է լուծվում:
-Անցնել այլ քաղաքականության կազմակերպման: Ազատական քաղաքականությունը, որ անցյալ դարի 90-ականներից է գալիս: 90-ականների վերջին Արևմուտքի հետ միավորման խնդիր էր դրված՝ տնտեսական ու քաղաքական առումով, այդ պատճառով էր հնչում հակակոմունիստական հռետորաբանություն, վարվում էր հակակոմունիստական քաղաքականություն: Արևմտամետ ազատականները մտան իշխանության մեջ՝ բոլոր ոլորտները՝ քաղաքականություն, լրագրություն, ֆինանսներ, տնտեսություն: Հայտարարվում էր միասնական Եվրոպա՝ Վլադիվոստոկից Լիսաբոն:
-Այդպես էր անցյալ դարում, բայց Ելցինի հրաժարականով 21-րդ դարում փոխվեց:
-Փոխվեց, երբ էլիտան հասկացավ, որ այդ քաղաքականությամբ հնարավոր չէ ապրել: Որ ոչ ոք չի պատրաստվում ինչ-որ միասնական տարածք ստեղծել: Որ Արևմուտքը Ռուսաստանին վերաբերվում է իբրև ծայրամասի՝ ենթակա տարածքի քաղաքական, տնտեսական, մշակութային առումով: Իսկ Ռուսաստանը գազ ու նավթ էր վաճառում՝ փող աշխատելով, անդամակցում էր եվրոպական կառույցներին՝ ԵԽԽՎ-ին, ԵԱՀԿ-ին, ու հույս ուներ, որ հաջողությամբ ինտեգրվել է, իր տեղն է գտնում աշխատանքի միջազգային բաժանման մեջ: Իրականում էլիտայի առանձին ներկայացուցիչներ էին գտնում, բայց ոչ երկիրը: ԵԱՏՄ-ն ցույց տվեց, որ եվրասիական ինտեգրումը մեր նախագիծն է, կապ չունի Արևմուտքի հետ, ավելին՝ Արևմուտքը սկսեց դրա դեմ պայքարել՝ Ռուսաստանը փորձում է ամրապնդվել, զարգանալ, բայց մենք թույլտվություն չենք տվել: Վլադիմիր Պուտինը դեռ 2007-ին Մյունխենի անվտանգության հարցերով գագաթնաժողովում էր ասել՝ միաբևեռ աշխարհը մեզ ձեռք չի տալիս, մենք բազմաբևեռ աշխարհ ենք պատրաստվում կառուցել: Այդ ժամանակից նրան սկսեցին խանգարել և թշնամական քայլեր ձեռնարկել Ռուսաստանի դեմ: Ռուսաստանը ձևացնում էր, որ չի նկատում, և Պուտինը ձգտում էր նորմալ հարաբերություններ պահպանել: 2014-ից իրավիճակը փոխվեց, երբ Արևմուտքը ոչ միայն բացահայտ պաշտպանեց Ռուսաստանի նկատմամբ ոչ չեզոք քաղաքական ուժերի, այլև պաշտպանեց նացիստների:
-Երեք տարի է անցել՝ ոչինչ չի՞ փոխվել Արևմուտքում, ԱՄՆ-ում նախագահ է փոխվել, ընտրական ալիք է Եվրոպայում, մարդկանց տրամադրություններն են փոխվում:
-Փոփոխությունները երկրի ներսում են, նրանք հասել են ճգնաժամի՝ տնտեսական, սոցիալական:
-Տնտեսական ու սոցիալական ճգնաժամերից Արևմուտքը կարող է դուրս գալ, կա կառավարման ճգնաժամ, որը ամենադժվարն է հաղթահարել:
-Առանցքայինը արժեքների ճգնաժամն է, հենց այդտեղ է բնակչության մեծ մասի համար փակուղին, մեծամասնությունը դավանում է ընտանիքի, մանկության աջակցությանը, իսկ երբ սկսում են քարոզել միասեռականություն, սկսվում է բնակչության դիմադրությունը: Ռուսաստանի համար էլ հիմա դա խնդիր է դառնում, որովհետև Առողջապահության համաշխարհային կազմակերպության, միջազգային այլ կառույցների միջոցով այդ արժեքներն են հրամցնում, և մեր բնակչությունը դեռ ի վիճակի չէ համարժեք արձագանքել: Ռուսաստանում շատ ցավոտ վերաբերմունք կա պատերազմի նկատմամբ: Հայաստանում ով էլ գա իշխանության, ցեղասպանությունը անվիճարկելի հասկացություն է, ի՞նչ վերաբերմունքի կարժանանա որևէ մեկը, եթե իրեն թույլ տա չընդունել Ցեղասպանությունը կամ աջակցել Ցեղասպանության կազմակերպիչներին, նույն վերաբերմունքն է Ռուսաստանում Հայրենական պատերազմի նկատմամբ, 20 միլիոն զոհ է եղել, մեծ մասը՝ խաղաղ բնակիչներ, միլիոններն անցել են համակենտրոնացման ճամբարներով, երբ Արևմուտքը պաշտպանում է նացիստ բանդերականներին ՈՒկրաինայում, հասարակության համար անընդունելի է: 25 տարի ազատական ավանդույթներով ապրած, բարենորոգումներ արած, իշխանության մեջ եղած, արտասահմանում սովորած, հանգստացած, բուժված էլիտան, երբ սկսվեցին իրադարձությունները Ղրիմում, իբրև իրենց երկրի հայրենասերներ, գիտակցեց, որ շրջադարձային պահ է, բայց էլիտայի մի հատվածն իրեն արևմտյան աշխարհի մաս է համարում՝ դավաճանելով հայրենիքին:
-Ինչո՞ւ:
-Կորպորատիվ կախվածություն կա: Օլիգարխիան միասնական է, երբ մարդը ոտք է դնում սպառողական արահետի վրա, փոխվում է նրա գիտակցությունը, եկամուտները դառնում են գլխավորը, իսկ հոգին գլխավորի հետ կապ չունի: Էլիտայի մյուս մասը, ինչպես ցանկացած նորմալ մարդ, մտածում է իր ընտանիքի մասին, փող է աշխատում, բայց երբ ընտրության հարց է ծագում՝ դավաճանո՞ւմ ես ընտանիքիդ, նախնիներիդ, ավանդույթներիդ, արդեն ավելի խոր հարց է:
-Դա փակուղի չէ՞:
-Դա փակուղի է, որ պահանջում է ընտրություն, չի կարող երկար ձգվել, այլապես ավերածություններ կլինեն: Երբ նման իրավիճակ է ստեղծվում, կողմերից մեկը պիտի ոչնչացվի՝ իհարկե, քաղաքականապես: Այդ պատճառով նրանք, ովքեր ուզում են իշխանություն մնալ և համապատասխան քայլեր են որոնում՝ Նավալնին, Խոդորկովսկին, էլի ոմանք, որ դեռ ի հայտ չեն գալիս, նրանց համար շատ կարևոր է հեղաշրջում կազմակերպելը՝ իրենց դիրքերը պահպանելու նպատակով:
-Ի՞նչ պիտի ՌԴ նախագահը փոխի՝ իշխանությո՞ւնը, թե՞ էլիտային:
-Հարց է, թե որտեղից հայրենասեր կադրեր գտնի:
-Հայրենասիրությունը վերացական հասկացություն է:
-Այդ պատճառով էլ ազատականները գունափոխվում են: Պետք է դատել ոչ թե խոսքով, այլ գործով: Առանցքային է կադրերի հարցը, անցած տարիներին ոչ ոք կադրերի մասին չի մտածել, համակարգված աշխատանք նրանց հետ չի եղել: Դա ամլացնում է իշխանությունը, պետք է կարգավորել ոչ միայն տնտեսությունը: Մարդկանց ընտրության համակարգ չկա, բայց դա փակուղի չէ, այլ ճամփաբաժան, որի առաջ կամ հեղաշրջման ենք բախվում, կամ Պուտինը հստակ խնդիրներ է դնում:
-Ձեր կարծիքով՝ թռիչքայի՞ն զարգացում կլինի, թե՞ էվոլյուցիա:
-Էվոլյուցիան ընդհանրապես անհասկանալի է Ռուսաստանում, Ռուսաստանը ցիկլերով է զարգանում:
-Հիմա նո՞ր ցիկլ է սկսվում:
-Դեռ ոչ, Ռուսաստանը 1917-1927-ին զարգացման նոր փուլ անցավ, հեղափոխությունը 1927-ին ավարտվեց: 1905-ից սկսած՝ ճգնաժամեր, մեկ հեղաշրջում, մյուսը, ներկուսակցական պայքար, 1927-ից սկսվեց վերելքը: Ստալինը վախճանվեց, և 60-ականներին երկիրը գագաթնակետին էր, դա համակարգի հանգուցալուծումն էր, որից հետո սկսվեց խզում, էլիտայի մեջ զարգացման գործընթաց չկար, ի վերջո այդ խզումը հանգեցրեց Աֆղանստան մտնելուն, ԽՄԿԿ-ի անկմանը, որը կործանեց երկիրը, դարավերջին նոր անկումը կասեցրեց Պուտինի առաջադրումը, բայց սկսված կայունացումը կայունացում էր հատակում, աճ էր պետք: Կամ ոչ գործունակ էլիտաները պիտի փոխվեն, կամ աղետ է սպասվում:
-Դուք վախեցնում եք:
-Դա է խնդիրը, որ իրականում լուծվում է:
-Ռուս-ամերիկյան հարաբերությունները ի՞նչ ընթացք կունենան:
-Նորմալ, եթե իշխանությունը Թրամփի թիմինը լինի:
-Իսկ նա թիմ ունի՞, թե՞ ինքն է իր թիմը:
-Թրամփը թիմ ունի և ունի քաղաքականության մեջ իր ուղղությունը՝ տրանսազգային կապիտալը, որի նպատակն է Դաշնային պահուստային համակարգին իր տեղը դնել: Համաշխարհային գլխավոր խնդիրը հիմա ԴՊՀ-ի մոնոպոլիան է, որ ոչինչ չի արտադրում ու դոլար է տպում՝ այդպիսով վերահսկելով ամեն ինչ: ԱՄՆ-ի 7000 բանկերից 2600-ը ԴՊՀ-ի կազմում են, այդ թվում 12 մեծ բանկերը:
-Դա՞ է Մեծ ԱՄՆ-ի ստեղծումը:
-ԴՊՀ-ն է ԱՄՆ ստեղծում, ոչ քաղաքական գործիչները: ԴՊՀ-ի ղեկավարներն են ԱՄՆ ստեղծել՝ մեծ ու հզոր, ԱՄՆ-ը իրականում 50 նահանգ չունի, այլ 12 ֆինանսական շրջաններ: Այն բիզնեսմենները, որ կապված չեն ԴՊՀ-ի հետ, այդ թվում՝ ազգային կապիտալը, որ չի ենթարկվում ԴՊՀ-ին, չի ցանկանում նրա համար աշխատել: Բանկային կորպորացիան հիմա Եվրոպայում իր մարդկանց է իշխանության բերում, ինչպես Ֆրանսիայում՝ Մակրոնին: Ինչո՞ւ Մեծ Բրիտանիան դուրս եկավ ԵՄ-ից: Եվրոպական բյուրոկրատիայի պատճառով՝ ինչո՞ւ հարստացնել ֆինանսական օլիգարխիային, երբ կարող են ստեղծել իրենց մշակույթն ու ապահովել ֆունտ ստեռլինգը: Տարածաշրջանային տարադրամներ շատ պիտի լինեն, ոչ միայն գերիշխող դոլարն ու կողքին եվրոն, այլ 6-7 համաշխարհային տարադրամային գոտիներ պիտի լինեն, և բոլորը պարտքերը կվճարեն:
-Իսկ տնտեսությո՞ւնը, դոլարները, եվրոները, տարադրամները օդում չե՞ն կախվում առանց տնտեսության:
-Ֆինանսական կառավարումն է պահում տարադրամները, որ աշխարհի խոշորագույն բանկերի համաձայնության վրա են հենվում, ֆինանսական համակարգն է տնտեսությունը պահում: Տնտեսությունը միջոց է, որ փող է աշխատում, սպառումն է ապահովում, աշխարհը կառավարում է ֆինանսական համակարգը:
-Ի՞նչ կանի ֆինանսական համակարգը Մերձավոր Արևելքում:
-Տրանսազգային կապիտալը շահագրգռված է Իսրայելի շահերի պաշտպանությամբ, նրա անվտանգության ապահովմամբ արաբական-իսլամական աշխարհում: Տրանսազգային կապիտալն ուզում է ամրացնել Իսրայելը, այդ թվում՝ Սիրիայի հաշվին, այդ պատճառով հիմա հարձակումը հարավի վրա է, այդ թվում՝ ամերիկացիների մասնակցությամբ:
-Սիրիան կմասնատվի՞:
-Այո, տարածքի մի մասը կանցնի Իսրայելին՝ հարավում, մյուս կողմից կստեղծվի անվտանգության գոտի Մեծ Իսրայելի ու Իրանի միջև, որտեղ կտեղակայվեն միջազգային խաղաղապահներ:
-Թուրքիա՞ն էլ իր մասնաբաժինը կստանա:
-Վստահ չեմ, դա գործարքի առարկա է՝ բազում խաղացողների միջև:
-Թուրքիային և՞ս մասնատման վտանգ է սպառնում:
-Թուրքիան Արևմուտքին պետք է միայն իբրև Ռուսաստանին, Չինաստանին, Իրանին զսպող ուժ՝ վերահսկողություն նեղուցների վրա, Կովկասում արևմտյան քաղաքականություն վարելու միջոց, Սիրիայի վրա ճնշում գործադրելու համար, Ռուսաստանին կասեցնելու ու Չինաստանի Մետաքսի մեծ ճանապարհը կանգնեցնելու: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի միջին հատվածն անցնում է Իրանով, Սիրիայով, Միջերկրական ծովով՝ դա գլխավոր ուղղությունն է, որ չի կարող իրականացվել, եթե Սիրիայում իրավիճակը չկայունանա: Ոչ ոք Թուրքիայով չի պատրաստվում ճանապարհ անցկացնել՝ մի կողմից Քրդստանն է, մյուս կողմից՝ ինչո՞ւ պիտի Չինաստանը կախում ունենա Թուրքիայից: Մնում է Կենտրոնական Ասիայի ճանապարհը՝ Կասպից ծովով, որ ձեռնտու չէ: Իրանի տարածքով ճանապարհը բախվում է Ղարաբաղի խնդրին: Այդ պատճառով մինչև որոշվի՝ ճանապարհն անցնո՞ւմ է Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքով, նախ պետք է լուծվի Ղարաբաղի հարցը: Իսկ դա առաջիկա տասնամյակում չի լինի: Մնում է Ղազախստան-Ռուսաստան ճանապարհը, որ, ի վերջո, ընտրվելու է: Կա նաև ծովային ճանապարհը, որ շեղող մանևր է՝ մի կողմից Չինաստանը Նիկարագուայում ջրանցք է կառուցում, մյուս կողմից՝ Հյուսիսային ծովային ճանապարհը, որ ավելի կարճ է ու էժան:
-Դուք ասում եք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ևս 10 տարի չի՞ լուծվի:
-Դա բարդ հարց է, Սիրիայում նախադրյալներ չկան, որ խնդիրը կլուծվի, Սաուդյան Արաբիայի ու Կատարի մոդելը կար, որ հիմա հանվել է օրակարգից, հիմա այնտեղ այլ մոդել է գործում՝ Իսրայելի հզորացման ծրագրով, համապատասխանաբար՝ Իրանի զսպման ուժեր կգործադրվեն, հետո նաև՝ Թուրքիայի:
-Թուրքիան չի՞ առարկի:
-Թուրքիայում բարդ վիճակ է, փաստացի՝ քաղաքացիական պատերազմ, Էրդողանին կա՛մ գահընկեց կանեն, կա՛մ կենթարկվի:
-Ինքն է մեղավոր:
-Ոչ ոք էլ մեղավոր չէ, իրավիճակ է փոխվել, հեղաշրջման փորձը հետևանք էր զինվորականների իշխանափոխության ցանկության: Սահմանադրությամբ նրանք շատ մեծ իրավունքներ ունեին, բայց ընկել էին ամերիկյան գեներալների վերահսկողության տակ:
-Ռուս-իրանական հարաբերությունները նախագահական ընտրությունից հետո կփոխվե՞ն:
-Իրանը ինքնաբավ երկիր է, Իրան-Թուրքիա-Ռուսաստան աշխարհաքաղաքական եռանկյուն կառուցելու ամբողջ ցանկությամբ հանդերձ, չստացվեց: Եթե Ռուսաստանում ստալինյան իշխանություն լիներ, ավելի հեշտ կլիներ, Իրանը բարդ վերաբերմունք ունի Ռուսաստանին, որտեղ իշխանությունը հասկանալի չէ՝ ով է, ազատականներ, հասկանալի չէ՝ ինչ քաղաքականություն են վարում: Ինչո՞ւ պիտի Իրանը նետվի Ռուսաստանի գիրկը:
-Ինչո՞ւ պիտի Իրանը նետվի Եվրոպայի գիրկը:
-Դա շահավետ է, մեծ շուկա է, մեծ բիզնես, 1,5 միլիարդ բնակչությամբ ԵՄ-ն սպառման շուկա է: Այդ պատճառով էլ Իրանը բազմավեկտոր քաղաքականություն է վարում: Ղազախստանն էլ՝ նույնը: Իրանն իր խաղն է վարում:
-Բոլորն են իրենց խաղը խաղում:
-Ոչ բոլորը: Կան երկրներ, որ իրենց խաղը հանձնել են միությունների:
-Ադրբեջանը իր խաղը չի՞ խաղում:
-Ադրբեջանը ուզում է իր խաղը խաղալ, բայց չի ստացվում:
-ՈՒ՝ ի՞նչ:
-Ինչո՞ւ են հայերը այդքան շտապում:


Զրուցեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 3945

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ